Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 21

:
Armenian - 2018
1 Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։
2 Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. «Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։
3 Բայց Նաբովթն ասաց Աքաաբին. «Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։
4 Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։
5 Նրա կին Հեզաբելը եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այս ինչո՞ւ է սիրտդ տխուր, և հաց չես ուտում»։
6 Եվ Աքաաբն ասաց նրան, թե՝ «Ես խոսեցի հեզրայելացի Նաբովթի հետ և ասացի նրան. “Այգիդ փողով տո՛ւր ինձ, կամ եթե հաճելի է քեզ, ես քեզ նրա փոխարեն մի այգի կտամ”. բայց նա ասաց. “Ես իմ այգին քեզ չեմ տա”»։
7 Եվ նրա կին Հեզաբելն ասաց նրան. «Դու այդպե՞ս ես հիմա թագավորություն անում Իսրայելի վրա. վե՛ր կաց, հա՛ց կեր, և թող սիրտդ զվարճանա. ես քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»։
8 Եվ Աքաաբի անունով նամակներ գրեց, նրա կնիքով կնքեց դրանք և նամակներն ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին ու ազնվականներին։
9 Եվ այդ նամակներում գրեց, թե՝ «Ծո՛մ քարոզեք և Նաբովթին դրե՛ք ժողովրդի մեջ գլխավոր տեղը։
10 Եվ նրա դիմաց երկու անօրեն մա՛րդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ ու ասեն, թե՝ “Դու հայհոյեցիր Աստծուն և թագավորին”. հետո նրան դո՛ւրս հանեք և քարկոծե՛ք, որ մեռնի»։
11 Եվ նրա քաղաքի մարդիկ՝ այդ ծերերն ու ազնվականները, որոնք բնակվում էին նրա քաղաքում, արեցին այնպես, ինչպես որ Հեզաբելը հրաման էր ուղարկել նրանց, ինչպես որ գրել էր նրանց ուղարկած իր նամակներում։
12 Ծոմ հայտարարեցին և Նաբովթին նստեցրին ժողովրդի մեջ գլխավոր տեղը։
13 Եվ երկու անօրեն մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց. և այդ երկու անօրեն մարդիկ վկայություն տվեցին Նաբովթի մասին ժողովրդի առաջ՝ ասելով. «Նաբովթը հայհոյեց Աստծուն և թագավորին». և նրանք դուրս հանեցին նրան քաղաքից և քարերով քարկոծեցին, և նա մեռավ։
14 Եվ մարդ ուղարկեցին Հեզաբելի մոտ՝ ասելով. «Նաբովթը քարկոծվեց և մեռավ»։
15 Եվ հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթը քարկոծվել է ու մեռել, Հեզաբելն ասաց Աքաաբին. «Վե՛ր կաց, ժառանգի՛ր հեզրայելացի Նաբովթի այգին, որը չէր ուզում փողով քեզ տալ, քանի որ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռավ»։
16 Եվ հենց որ Աքաաբը լսեց, թե Նաբովթը մեռած է, վեր կացավ, որ իջնի հեզրայելացի Նաբովթի այգին՝ այն ժառանգելու համար։
17 Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ և ասաց.
18 «Վե՛ր կաց, իջի՛ր Իսրայելի Աքաաբ թագավորի մոտ, որը Սամարիայում է. հիմա նա Նաբովթի այգում է, ուր իջել է դրան տիրանալու համար։
19 Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։
20 Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։
21 Ահա ես չարիք եմ բերելու քեզ վրա և ավլելու եմ քո ետևից և բնաջնջելու եմ Աքաաբի տնից ամեն մի արու մարդու և Իսրայելի մեջ գերվածին ու ազատին։
22 Եվ քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան պես այն բարկության համար, որով բարկացրիր Տիրոջը և մեղանչել տվեցիր Իսրայելին»։
23 Նաև Հեզաբելի մասին խոսեց Տերը՝ ասելով. «Շները պիտի ուտեն Հեզաբելին Հեզրայելի պարսպի մոտ։
24 Աքաաբի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։
25 Բայց Աքաաբի նմանը դեռ չէր եղել, որ իրեն ծախած լիներ Տիրոջ առաջ չարիք գործելու համար. նրան դրդել էր իր կին Հեզաբելը։
26 Եվ կուռքերի ետևից գնալով՝ նա շատ գարշելի եղավ, արեց այն ամենը, ինչ ամորհացիներն էին արել, որոնց Տերը քշեց Իսրայելի որդիների առաջից։
27 Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։
28 Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ՝ ասելով.
29 «Տեսնո՞ւմ ես, որ Աքաաբն իրեն խոնարհեցրեց իմ առաջ, և որովհետև նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին»։